8 օգոստոսի 2018 - 14:09 AMT
Պավել Մանուկյանը վերահաստատել է՝ Տեփանոսյանը սպանվել է Գրիգորյանի «պատահական կրակոցից»

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման գործով հերթական դատական նիստում ամբաստանյալ Պավել մանուկյանը վերահաստատել է, որ ոստիկանության ծառայող Յուրի Տեփանոսյանին սպանած «պատահական կարկոցի» հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտությունն է: Կրակոցին ականտես եմ եղել ես, մեկ մետր հեռավորության վրա է եղել, քիչ էր մնում՝ պատահաբար զոհվեր նաև մեր («Սասնա ծռերի» անդամ) Լամբարյան Արմենը», - նշել է նա:

Անդրադառնալով բանկոմատի հափշտակության մեղադրանքին, Մանուկյանը նշել է, որ դրա այն բացել է խմբավորման մեկ այլ անդամ Մխիթար Ավետիսյանը:

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։