6 մայիսի 2008 - 16:56 AMT
ՆԱՏՕ-ն կարող է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ոլորտներում
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով: ՀՀ վարչապետին, մասնավորապես, շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի ուղերձում, մասնավորապես, ասված է.«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթում եմ հաջողություն նոր պարտականություններն իրականացնելու ընթացքում:

ՆԱՏՕ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային անվտանգության շրջանակներում ցուցաբերել են կայուն համագործակցություն, ինչի ապացույցն է Հայաստանի Հանրապետության արժեքավոր ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողությունների ժամանակ: Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում մենք ներգրավված ենք սերտ համագործակցության եւ քաղաքական երկխոսության մեջ՝ ուղղված պաշտպանության համակարգի բարեփոխմանը եւ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը: Դուք այս պաշտոնը ստանձնել եք Ձեր երկրի համար դժվար եւ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, եւ ես հուսով եմ, որ պահպանելով նախկինում ունեցած ձեռքբերումները եւ ԱԳԳԾ-ի բարեփոխումների շարժիչ ուժը, մենք կարող ենք ամրապնդել մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Հայաստանը բարեփոխումների առաջընթացի ճանապարհով առաջ տանելու համար ակնկալում եմ համագործակցել Ձեզ հետ տարբեր հիմնախնդիրների շուրջ եւ հուսով եմ, որ կկարողանամ Ձեզ հետ հանդիպել մոտ ապագայում»: