Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանքը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխելու մասին Մանուկյանի փաստաբան Ազատ Շահբազյանի միջնորդությունը։
Դատավոր Մակյանը հայտարարել է, որ Մանուկյանի՝ ազատության մեջ լինելը կխոչընդոտի դատաքննությանը, հայտնում է Aysor.am-ը։
«Կան ամբաստանյալներ, որոնք ազատության մեջ են և նրանց նկատմամբ ապօրինի ազդեցությունը դիտվում է խիստ բարձր և հավանական», -հայտարարել է դատավոր Մակյանը։
Մանուկյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն էին տվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Վահե Էնֆիաջյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման գործով հերթական դատական նիստում ամբաստանյալ Պավել Մանուկյանը վերահաստատել է, որ ոստիկանության ծառայող Յուրի Տեփանոսյանին սպանած «պատահական կարկոցի» հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է:
«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։Մանուկյանը խմբի պարագլուխներից է։