9 օգոստոսի 2018 - 14:56 AMT
ՀՔԾ պետ. Կասկածներ ունենք, որ Մարտի 1-ի գործով կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ

Մարտի 1-ի քրեական գործի քննությունը նոր փուլ է մտել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ կան կասկածներ, որ կան նաև այլ փաստաթղթեր։

Նա ասել է, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից 0038 խիստ գաղտնի հրամանը նախկին տասը տարիների ընթացքում քննության առարկա չի դարձել և միայն վերջերս է կցվել քրեական գործին, հայտնում է Aysor.am-ը։

«Քրեական գործը, կարելի է ասել, նորից քննվում է՝ բոլոր հանգամանքներով։ Մենք ունենք կասկածներ, որ կան նաև այլ փաստաթղթեր, այլ վկայություններ, և ներկայումս մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում։ Բնականաբար, կլինեն նաև նոր տուժողներ։ Այսօր ունենք տենդենց, որ մարդիկ, ովքեր ժամանակին վախենալով քրեական հետապնդումներից, չեն հայտնել իրենց մարմնական վնասվածք ստանալու մասին, այսօր դիմում են ու տուժողի դատավարական կարգավիճակ են ստանում», -ներկայացրել է ՀՔԾ պետը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեղեկություն կա՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին, կանոնավոր ուժային ստորաբաժանումներից զատ, ներգրավված են եղել նաև զինված խմբեր:Ըստ ՀՔԾ-ի պետ, այժմ նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը: