10 օգոստոսի 2018 - 10:44 AMT
Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ՝ ինչպես է ապօրինի զենքը հայտնվել նախկին գործարանում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում հայտնաբերված զենքն ինչպես է հայտնվել այնտեղ, հայտնում է Hayeli.am-ը։

«Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ», - ասել է Աբրահամյանը՝ հերքելով ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է ձևակերպված:

Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ:

«Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարել է Աբրահամյանը:

Նա նաև հաստատել է տեղեկատվությունը, որ ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության։

«Այո, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում», - ասել է Աբրահամյանը՝ որոշ շահագրգիռ անձանց խորհուրդ տալով «չշտապել և չոգևորվել, սպասել քննության արդյունքներին»։

Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ծառայության նախնական օպերատիվ տվյալներով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում թաքցված ապօրինի զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում: