10 օգոստոսի 2018 - 18:03 AMT
Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմում

Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) անգլալեզու ֆիլմում։ Այս մասին ֆիլմի թվիթերյան միկրոբլոգում գրառում է հրապարակվել։

Դերասանը կմարմնավորի ֆիլմի գլխավոր հերոսին։

«Մեզ համար մեծ պատվի է աշխատել այսպիսի տաղանդավոր դերասանի հետ», - նշվում է գրառման մեջ։

Ֆիլմը կպատմի չարի և բարու հավերժական պայքարի, ճշմարտության և խղճի վերաիմաստավորման և մարդկային ճակատագրերի մասին:

«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» կինոնախագիծը պատմելու է Արցախյան գոյամարտի, Ապրիլյան պատերազմի մասին: ֆիլմում նկարահանվելու են օտարազգի հանրաճանաչ այլ դերասաններ ևս։