11 օգոստոսի 2018 - 13:15 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց

Օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց:Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենա: