13 օգոստոսի 2018 - 10:32 AMT
Փոխվարչապետ. Աշխատելու ենք, որ 2019-ին գյուղապահովագրության համակարգ ունենանք

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարությունը հետևողականորեն աշխատելու է 2019-ին գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ ներդնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ են համակարգային լուծումներ, և մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը», - նշել է նա:

Առաջին փոխվարչապետն այցելել է Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ օրերս կարկուտն ու փոթորիկը մեծ վնաս էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։

«Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Օգոստոսի 13-ից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը», - նշել է Միրզոյանը: