14 օգոստոսի 2018 - 13:14 AMT
Դատախազությունը Քոչարյանի գործով վճիռը ստանալուն պես կբողոքարկի այն Վճռաբեկում

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Մուրադյան Վահագնը «Պրիվետ, Ռոբ» ակցիայի ցուցարարներին հայտնել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուն պես, կբողոքարկեն այն վճռաբեկ դատարանում:

Ցուցարարների դիտարկմանը, թե ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հինգ տարի աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, և արդյոք չկա այստեղ շահերի բախում, որի համար դատախազությունը բացարկ ներկայացներ Ազարյանին, Մուրադյան ասել է, որ «բացարկի հարցը քննարկվել է, բայց որոշել են չներկայացնել»:

«Եթե չենք ներկայացրել, ուրեմն համարել ենք, որ դա հիմք չէ: ՀՀ նախկին նախագահի հետ բազմաթիվ պաշտոնյաներ են աշխատել, բայց դա չի նշանակում, թե դա պիտի խոչընդոտի իրենց պարտականությունները կատարելուն», - եզրափակել է նա:

ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը բավարարելու որոշման դեմ բողոքող «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք և տապալել Քոչարյանի ասուլիսը:

Նրա մեքենան հեռացել է շենքից, որտեղ պետք է կայանար նրա ասուլիսը: