Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարբեր հարթություններում քննարկումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայամանավորվածությունները ենթակա են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ, գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումներին:
Նշվում է, որ նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական, դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, ինչպես նաև ապահովել, երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնական գործունեության անխափանությունը՝ Հայաստանը նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ, որոնց մասին արդեն մենք բազմիցս տեղյակ է պահել հանրությանը:
«Մյուս հարցերը ենթակա են ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հարթություններում քննարկումների, իսկ դրանց արդյունքում ձեռք բերված պայամանավորվածությունները՝ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը: Այդ բոլոր զարգացումների և արդյունքների վերաբերյալ հանրությունը ըստ կարգի տեղյակ կպահվի», - նշել են վարչությունից:
Ավելի վաղ, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ղազախստանի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։