14 օգոստոսի 2018 - 17:51 AMT
Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու քայլեր են արվում

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Քննարկվել են այս հատվածներում շինաշխատանքների անբավարար արագության ու աշխատանքի ոչ պատշաճ փաստաթղթավորման խնդիրները։ Դրանք լուծելու նպատակով շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան, սակայն իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել։

Նախարարը Աշոտ Հակոբյանն ընկերության գրասենյակում հանդիպել է շինարարության պատասխանատուների և որակի վերահսկողություն իրականացնող ընկերության ինժեներական թիմի հետ։ Նախորդ հանդիպումների ընթացքում կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել աշխատանքների առաջընթացն ապահովելու նպատակով որոշակի թեստերի և աշխատանքի մեթոդաբանությունները փոփոխել, ինչն էլ ենթադրում է փաստաթղթերի փոփոխություն։

Նախարարը նկատել է, որ մինչև այժմ այդ խնդիրները լուծված չեն, և աշխատանքը դեռ ցանկալի արագություն չի հավաքել։

Հանդիպման ընթացքում նախարարը հորդորել է հնարավորինս զերծ մնալ անհարկի ձգձգումներից, առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, միայն թե աշխատանքի տեմպն արագանա և շինհրապարակում չաշխատող տեխնիկա չմնա։

Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ այդ գործընթացը չպետք է անդրադառնա շինարարության որակի վրա։ Բոլոր թեստերը, ստուգումները պետք է ժամանակին կատարված լինեն։