14 օգոստոսի 2018 - 18:44 AMT
Թուրքերը դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի

Թուրքիայի Ադանա քաղաքում մի խումբ քաղաքացիներ դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ սահմանած պատժամիջոցների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է թուրքական «Դեմիրоրեն» լրատվական գործակալությունը:

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին «տեր կանգնել երկրին»՝ ոչնչացնելով իրենց մոտ եղած ամերիկյան արժույթը:

Ավելի վաղ, ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի ակցիաներ են եղել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ տասնյակ քաղաքացիներ դոլարներ են պատռել:

ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով Թուրքիայի իրավապահների կողմից կալանավորվել է լրտեսության և ահաբեկչության մեջ մեղադրանքով: Իսկ Էրդողանն իր հերթին զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել: