17 օգոստոսի 2018 - 13:57 AMT
Բաբայան. Հակառակորդի հարձակման փորձի պատճառը ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը չէ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը PanARMENIAN.Net -ին ասաց, որ օգոստոսի 17-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի 15 հոգանոց խմբի հարձակումը պայմանավորված չէ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով:

«Ահաբեկչությունը չունի որևէ տրամաբանություն: Այսպիսի փորձեր եղել են և, ցավոք սրտի, միշտ էլ կլինեն Ադրբեջանի կողմից», - ասել է Բաբայանը՝ հավելելով, որ հակառակորդն այսպիսի փորձերով մշտապես ստուգել է հայկական կողմի զգոնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: