20 օգոստոսի 2018 - 11:17 AMT
Աշոտյանը կդիմի Փաշինյանին` գործադիրի հաղորդակցության կարգի մասով պարզաբանման համար

ՀՀ վարչապետի աշխատակազմը մշակել է ԶԼՄ-ների հետ հաղորդակցման կարգ, ինչն ընդունված մոտեցում է ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների դեպքում: ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը դիմելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարգի մասով պարզբանման համար:

Ըստ նրա, այն «սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը»:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը, ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ, ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս կարգը խախտող աշխատակիցները», - գրել է Աշոտյանը:

Համաձայն Աշոտյանի հրապարած փաստաթղթի, կարգը սահմանում է, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչների՝ ԶԼՄ-ներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին: