20 օգոստոսի 2018 - 11:36 AMT
ՄԻՊ. Մեզ ուղղվող բողոքները վկայում են՝ առանձին դատավորներ իրենց վարքով վնասում են համակարգին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատություն ստեղծելու հայտարարությանը: Ըստ նրա, Հայաստանի դատական համակարգում կան խնդիրներ՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, կոռուպցիոն դրսևորումների, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։

«Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Սրանց մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում: Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետևողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով։ Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության սահմանադրական իրավունքի վրա։ Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:», - նշել է նա:

Ըստ Թաթոյանի՝ անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։

«Անցումային արդարադատությունն ինքնին, որպես կանոն, ենթադրում է զիջումներ իրավունքների պաշտպանության համակարգում։ Հետևաբար, չափազանց բարձր են այն չափանիշները, որոնց պարագայում կարելի է գործադրել անցումային արդարադատության համակարգ որևէ երկրում։ Միջազգային փորձում առկա են օրինակներ, որոնք վկայում են իրավունքի գերակայության համար դրա վտանգավոր հետևանքների մասին, այդ թվում՝ իրավունքների պաշտպանության երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգն ընդհանրապես անցումային արդարադատության մարմինների ձևավորման ու գործունեության հարցում խիստ պահանջներ է սահմանում։ Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է համապարփակ ուսումնասիրության գործընթաց», - նշել է Թաթոյանը:

Ըստ նրա, դատարանների հետ կապված՝ պետք է նախևառաջ նկատի ունենալ, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է ՀՀ-ում անցումային արդարադատություն ստեղծելու մասին: