20 օգոստոսի 2018 - 13:21 AMT
Փոխվարչապետ. Քաղշինկոմը պետք է ներկայացնի հանրության շահերը՝ անկախ պատվիրատուի պահանջներից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը նշել է, որ «շուկան և պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ՝ երբեմն հանրության շահերին հակոտնյա, սակայն կոմիտեն պետք է վճռականորեն ներկայացնի հանրության շահերը», հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Շինարարությունը ամեն ինչից զատ մշակույթ է՝ քաղաքային ապրելակերպի մշակույթ, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ, ընդհանուրը անձնական շահերից ելնելով չյուրացնելու մշակույթ: Ուստի նոր ժամանակներում Ձեր դերը հեղափոխական է», - ասել է Ավինյանը՝ դիմելով կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին:

Միջոցառման ավարտին Կոմիտեի նախագահը պարգևներ և պատվոգրեր է հանձնել ոլորտի վաստակաշատ մի քանի ներկայացուցչի: