8 մայիսի 2008 - 20:06 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային թույլ կտա թոթափելու մեղքի մեծ բեռը
Մայիսի 7-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Գերակայի քաղաքապետարանի կազմակերպած խորհրդաժողովին` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Խորհրդաժողովը տեղի էր ունենում «Պատմական հիշողության օրեր» մշակութային ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը դեսպան Կաժոյանը հանդես եկավ ելույթով, որի թեման էր «Հայերի եւ հույների համատեղ պայքարը անկախության համար եւ նրանց երազանքի ողբերգական վախճանը»: Իր ելույթում դեսպանը կարեւորեց միջազգային հանրության կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ` Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նման ոճիրների կրկնության կանխարգելմանը: Իսկ ճանաչումը մերօրյա, դեպի Եվրոպական Միություն ձգտող Թուրքիային թույլ կտա թոթափելու մեղքի մեծ բեռն ու առաջ ընթանալու` ունենալով նորմալ հարաբերություններ իր անմիջական հարեւաննների հետ: