20 օգոստոսի 2018 - 18:29 AMT
Բաբլոյան. Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ «խորապես մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով»։

Ըստ նրա, երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների «սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են»:

«Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում», - ասել է նա:

Բաբլոյանը հայտնել է նաև, որ նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու համար ստեղծված իրավիճակը»: