12 մայիսի 2008 - 13:58 AMT
Մայիսի 13-19-ին Մոսկվայում տեղի կունենա «Կարոտը դա նոստալգիա է. Հայկական մշակույթի օրեր Մոսկվայում» փառատոնը
Մայիսի 13-19-ին Մոսկվայում տեղի կունենա «ԿԱՐՈՏԸ դա նոստալգիա է. Հայկական մշակույթի օրեր Մոսկվայում» փառատոնը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել կազմկոմիտեում, փառատոնի շրջանակներում տեղի կունենան շուրջ 15 միջոցառումներ, որոնց թվում` համերգներ, գրական երեկոներ, գեղանկարչական ցուցահանդեսներ, հայկական դպրոցի նոր շենքի բացումը, որը դարձել է «Կրթություն» մրցույթի հաղթողը, կիրակնօրյա հայկական դպրոցի հոբելյանը, «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը Կինոյի տանը եւ այլն: Բացի այդ, փառատոնի հյուրերը եզակի հնարավորություն կստանան ներկա լինել այնպիսի միջոցառման, ինչպիսիք են Պ.Զեյթունցյանի «Ոտքի', դատարանն է գալիս» պիեսի բեմականացումը, որը պատմում է Բեռլինում Թալաաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի իրական դատավարության մասին: Ներկայացման մեջ այդ մեկ անգամը Հայաստանից ժամանած դերասանների կողքին կխաղան այնպիսի հայտնի ռուս դերասաններ, ինչպիսիք Ա.Պետրենկոն, Լ.Դուրովը, Ի.Կոստոլեւսկին, Օ.Կաբոն եւ մյուսները: «Հայաստան» տաղավարի հարեւանությամբ կվերարտադրվի հայկական գյուղը` այդ ֆոնի վրա տեղի կունենա հայկական խոհանոցի մրցույթ, որին կմասնակցեն խոշոր գործարարներ ու քաղաքական գործիչներ:

«Կարոտը դա նոստալգիա է» փառատոնի կենտրոնական իրադարձությունը կդառնա Կրեմլի Պետական պալատում կայանալիք «Կարոտ» գալա-համերգը եւ «Կարոտ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Համերգին եւ մրցանակի հանձնման արարողությանը կմասնակցի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ մշակույթի նախարար Ա.Սոկոլովը, Հայաստանի մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, Մոսկվայի քաղաքապետ Յու.Լուժկովը, Երեւանի քաղաքապետ Ե.Զախարյանը:

Փառատոնի կազմակերպիչն է Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը: