22 օգոստոսի 2018 - 08:48 AMT
Իսրայելի փոխարտգործնախարարը ՀՀ-ում է. Նա այցելել է Ցեղասպանության հուշահամալիր

Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կողմերը համակարծիք են, որ Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձել են զարգացման օրակարգի շուրջ գործակցության խորացման հեռանկարներին, կարևորեցին մշակութային, գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնությունները՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելման գործում կրթության դերին։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշել է, որ դա առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

Նախարար Մնացականյանը և Ալեքսանդր Բեն Ցվին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին և Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տվյալ հարցում Հայաստանի և Իսրայելի դիրքորոշումները համընկնում են․ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Բանակցային գործընթացի արդյունավետության առումով երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ ՀՀ գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։