23 օգոստոսի 2018 - 14:43 AMT
Ալեքսանյանների ընկերություններում գրանցված աշխատողների թիվը կտրուկ աճել է հեղափոխությունից հետո

ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ առնչվող ընկերություններում գրանցված աշխատողների թիվը Թավշյա հեղափոխությունից հետո աճել է 1701 հոգով:

Մասնավորապես, «Երևանի Սիթի» սուպերմերկետների ցանցը տնօրինող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (այսպես կոչված «1000 դրամների» հիմնադրամ) ապրիլ ամսին փոխանցել է 4,31 մլն դրամ, մինչդեռ մայիսին՝ Հեղափոխությանը հաջորդած ամսում, ընկերությունը վճարել է 5,197 մլն դրամ: Սա նշանակում է, որ ընկերությունը նշված ամիսներին ունեցել է համապատասխանաբար՝ 4310 և 5197 գրանցված աշխատող, որոնք 1000-ական դրամ են փոխանցել հիմնադրամին:

Ալեքսանյանի ընտանիքին պատկանող մեկ այլ՝ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում ապրիլին գրանցված աշխատողների թիվը կազմել է 420, իսկ մայիսին այն գրեթե եռապատկվել է՝ կազմելով 1138:

«Նատալի ֆարմ» ընկերությունում գրանցված աշխատողների թիվն աճել է 96 հոգով. ընկերության աշխատողները ապրիլին վճարել են 1,657 մլն դրամ, իսկ հունիսին՝ 1,753 մլն:

Այսպիսով, միայն նշված երեք ընկերություններն ապրիլ ամսին ունեին 6387, իսկ իշխանափոխությունից հետո՝ մայիս-հունիսին, 8088 գրանցված աշխատող:

Ավելի վաղ «Ալեքս Հոլդինգը» վճարել էր պետբյուջե 5,2 մլրդ դրամի հայտնաբերված վնասը (շահութահարկի ու ԱԱՀ մասով)։ «Ալեքս Տեքստիլն», ապրիլի 4-ին՝ իր հերթին, ստացել էր ներմուծման արտոնություն, որում Փաշինյանի կառավարությունը լրացումներ էր կատարել հունիսի 1-ի նիստին։ Ըստ հիմնավորման, արտոնությունների տրամադրման արդյունքում 80 նոր աշխատատեղ էր ստեղծվելու։