27 օգոստոսի 2018 - 10:48 AMT
Մահացել է լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը

Օգոստոսի 26-ին մահացել է «Արարատ 73-ի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Նա 73 տարեկան էր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսոր Կարեն Քոչարյանը:

«Դու էլ հեռացար մեզանից....ափսոս...Ծնվելով 1945-ին՝ հաղթանակի տարում,դու ապրեցիր,որ կերտես նոր հաղթանակներ»,-գրել է Քոչարյանը՝ հավելելով, որ դժվար թե գտնվի միջին և ավագ տարիքի հայ, որը երկրպագուն եղած չլինի լեգենդար «Արարատ-73»-իտղաների:

Ալյոշա Աբրահամյանը ծնվել է 1945-ի օգոստոսի 28-ին Գյումրիում (Լենինական): 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի։ 2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։