27 օգոստոսի 2018 - 11:07 AMT
Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու թեկնածու ԲՀԿ կողմից

Հայտնի ծանրորդ Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու թեկնածու ԲՀԿ կողմից: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Ավդալյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,-ասվում է գրառման մեջ:

Նազիկ Ավդալյանը 2009-ի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հայ ծանրորդուհին ավտովթարից հետո երկար ժամանակ հետվիրահատական շրջանից հետո վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել է 2015-ի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (105+125): 2016 թվականին Նորվեգիայումընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն։ 2016-ի Ամառային Օլիմպիական խաղերին Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը։