27 օգոստոսի 2018 - 16:10 AMT
Բաբլոյանն ու Փաշինյանն անցումային արդարադատության ու հանրաքվեի հարցերն են քննարկել

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։

ԱԺ մամուլի ծառայության համաձայն, հանդիպման ընթաքում Փաշինյանն ու Բաբլոյանն արձանագրել են, որ անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք, իսկ դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։

Քննարկվել է նաև անցումային արդարադատության ներդրման հարցը։ «Արադարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության և համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով և միևնույն ժամանակ որևէ կերպ չվնասի արդարադատությանը», - նշվում է հաղորդագրությունում:

Փաշինյանն ու Բաբլոյանը քննարկել են նաև արտահերթ ընտրությունների անցկացումը։ «Ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որևէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում և թե հանրային լայն շրջանակներում», - ընդգծվում է հաղորդագրությունում։