Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության է դրել և ընդունել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծն ընդունվել է 68 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով նախատեսվում է Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնել, հայտնում է Panorama.am-ը:
Մինչ այդ վարման կարգով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավորիների այն ելույթներին, թե այս կառավարությունը կրկնում է այն, ինչ իրենք են արել. «Խնդիրն այն է, որ այն ավերված վիճակում եք թողել, ստիպված են կրկնել»։
Վարման կարգով խոսել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը. «Կողմ կքվեարկենք նախագծին՝ հաշվի առնելով 55 000 գյուղատնտեսական հողերի ոռոգման ջրի խնդիրը»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու ոռոգման խնդրի լուծման տարբերակներ: Վարչապետը նշել էր. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: