28 օգոստոսի 2018 - 15:45 AMT
Սարգսյան-Բաբլոյան հանդիպում. Խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության միջոցով

Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը:

Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով:

Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը, կարևորելով Սահմանադրության գերակայության հրամայականը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները:

Ավելի վաղ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել էր վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները:

Օգոստոսի 27-ին կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման ընթաքում Փաշինյանն ու Բաբլոյանն արձանագրել են, որ անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք, իսկ դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։ Քննարկվել է նաև անցումային արդարադատության ներդրման հարցը։