28 օգոստոսի 2018 - 16:03 AMT
Ռուստամյան. Հրապարակի ժողովրդի որոշումը չի կարող ամբողջ ժողովրդի որոշում համարվել

Հրապարակի ժողովրդի որոշումը չի կարող ամբողջ ժողովրդի որոշում համարվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնաով ՀՀ վարչապետի՝ վերջին հանրահավաքում խորհրդարանի լուծարման վերաբերյալ դիտարկումներին։

«Մենք պետք է շարունակենք մնալ այն հիմքի վրա, որ մեր երկրում գործում են օրենսդրական կարգավորումներ, Սահմանդրություն, և դա որևէ ձևով շրջանցելն անընդունելի է։ Հայաստանը երեկ կամ երեկ չէ առաջին օրը չի ստեղծվել։ Հայաստանը ճանապարհ է անցել և ունի պարտավորություններ։ Օրենսդրական դաշտը մեկ օրում ոչնչացնել հնարավոր չէ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Ես ուրախ եմ, որ հանդիպել են ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը։ Սա պետք է դիտվի ոչ թե որպես տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, այլ դիտվի հենց ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպում։ Պայմանավորվել են ընթանալ տրամաբանական այն ճանապարհով, որը տեղավորվում է օրենսդրական և սահմանադրական շրջանակների մեջ։ Մենք հակասահմանադրական որևէ միջոցառման կամ ծրագրի չենք պատրաստվում մասնակից դառնալ, որովհետև սա շատ վատ նախադեպ կստեղծի»,հավելել է նա։

Ռուստամյանը նշել է, որ հրապարակում հնչած բոլոր մտքերը քննարկելու կարգ, ձև ունեն, ոչ ոք դրանից չի խուսափում։ «Դատարաններ կան, պետական մարմիններ կան, և մեկ օրում համարել, որ դրանք գոյություն չունեն, ճիշտ չէ։ Նիհիլիզմը ճիշտ ուղղություն չէ։ Ես չեմ կարծում, որ վարչապետը դա նկատի ուներ»,- ասել է դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են մասնակցելու բոլոր քննարկումներին և իրենց լուման բերել ընդհանուր գործին։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ճանապարհը մեկն է՝ երկու անգամ վարչապետ չընտրելը։ «Մենք հենց սկզբից էլ, երբ ուզում էինք Ընտրական օրենսգիրքը փոխել, հայտարարել ենք, որ սա պետք է դիտվի մեկ ընդհանուր քաղաքական համաձայնության համատեքստում, այսինքն՝ ինչ քայլերով ենք գնում դեպի արտահերթ ընտրություններ։ Ըստ իս՝ պետք է մեկ փաթեթով պայմանավորվել»,- ասել է պատգամավորը։

Արմեն Ռուստամյանը միաժամանակ շեշտել է, որ այսօր Ազգային ժողովը որևէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքին, խորհրդարանն ապակառուցողական վիճակում չէ։

«Այն թեզը, որ երկրում պետք է ամբողջական ժողովրդաիշխանություն տեղի ունենա, մենք ևս կողմնակից ենք, և բոլորը սա հասկանում են մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ։ Սրանք նույնը չեն։ Այսինքն՝ հրապարակի ժողովրդի որոշումը չի կարող համարվել ամբողջ ժողվրդի որոշում։ Հանրաքվեին ես միշտ եմ կողմ, մենք կողմ ենք ցանկացած լուծման, որն անցել է միջազգային փրձաքննություն, կանխատեսելի է և տեղավորվում է սահմանադրական կարգի մեջ»,-եզրափակել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Օգոսոտոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին:

«Մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Հիմա, ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես որպես վարչապետ հրաժարական տամ, և խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել, թե թողնենք հրաժարական տա, հետո արագ ուրիշ վարչապետ կընտրենք: Նախ ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց քանի որ չեն հասկանում, մենք կանենք հետևյալը՝ կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որոնց իմաստը կլինի հետևյալը. ԱԺ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի դեպքում, այլև ԱԺ-ն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,-ասել էր Փաշինյանը հանրահավաքում: :