29 օգոստոսի 2018 - 13:31 AMT
Նախարար. Ստիպված ենք հարգել Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելող որոշումը

Վրաստանի կառավարությունը կարգելի բեռնատարներով ցորենի տեղափոխումը, ինչը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ Երևանը ստիպված է հարգել այդ որոշումը:

«Չեմ կարող հստակ ասել, թե որքանով դա կանդրադառնա ցորենի գնի վրա, սակայն, վերջին տարիներին մեր ներկրողներն, այլընտրանք ունենակով, գերադասում էին ապրանքները Վերին Լարսով տեղափոխել: Բնականաբար, դա ավելի էժան է»,- ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նաև հայտնել է, որ Երևանում որոշումը կայացնելուց մեկ շաբաթ շուտ գիտեին Վրաստանի իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին:

Հարցը բարձրացվել է նաև Ազգային ժողովի արտահերթ նիստում: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է.«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն Փոթիով գա։Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն այս հիմքով»:

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:

Հայաստանը միջինը 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում տարեկան: 2017-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա: