29 օգոստոսի 2018 - 16:25 AMT
Քաղաքապետարանը միակողմանի լուծել է «Յունիգրաֆ-Իքս»-ի հետ պայմանագիրը

Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով:

Պայմանագրի լուծման արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ, որը բավարարվել է ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 17.08.2018 թվականի թիվ ՍՑ-ԱՄ-2018/120 որոշմամբ և «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն ընդգրկվել է վերը նշված ցուցակում 2 տարի ժամկետով:

Միաժամանակ, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երևան քաղաքի բյուջե է գանձվել 11 422 720 դրամի չափով պայմանագրի ապահովումը:

Հաշվի առնելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների անհրաժեշտության, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանրային հակասական կարծիքների և մոտեցումների առկայությունը՝ Երևանի քաղաքապետարանը, մինչև ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ հայտարարելը, իր պաշտոնական կայքում տեղադրել է ծառայությունների տեխնիկական բնութագիրը` առաջարկներ և դիտողություններ անելու համար:

Մայիսին հայտնի դարձավ, որ «Յունիգրաֆ Իքս»-ում 185 մլն դրամի յուրացումներ են հայտնաբերվել: Ընկերությունը 2009 թվականից ի վեր հաղթող է ճանաչվել Երևանում շների ստերջացման մրցույթներում: 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա։ Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ: