30 օգոստոսի 2018 - 12:21 AMT
Շիրակի երկրագիտական թանգարանը կվերանորոգվի. Դրամահավաքը կսկսվի սեպտեմբերի 1-ին

Շիրակի երկրագիտական թանգարանի վերանորոգման դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Դրամահավաքը կիրականացվի 1 ամիս շարունաիկ՝ «Վերադարձ 30 տարի անց. նորոգում ենք Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը» նախաձեռնության շրջանակում:

Դրամահավաքի առաջին ներդրողները կլինեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները: Բոլորն առանց բացառություների իրենց մեկ միջոցառման հասույթն ամբողջությամբ տրամադրելու են Շիրակի երկրագիտական թանգարանին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Կառավարության որոշմամբ Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն անհատույց տնօրինման իրավունքով հատկացվեց թանգարանին: Այն դատարկ էր 2012-ից, երբ Գյումրու 3 բուժհաստատություններն, այդ թվում եւ վիրաբուժականը տեղափոխվեցին «Գյումրի» բժշկական կենտրոնի շենք:

Հիվանդանոցի շենքը որպես թանգարան ծառայեցնելու համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու: Սկզբնական աշխատանքների համար պահանջվող գումարի չափը 50 մլն դրամ է:

Շիրակի երկրագիտական թանգարանը հարուստ ժառանգություն ունի՝ մոտ 25.000 ցուցանմուշ, որոնց հիմնական մասը տարիներ շարունակ ոչ թե ցուցադրվում, այլ արկղերի մեջ պահպանվում են Գյումրու սեփական սեկտորի մի կիսախոնավ բնակարանում: