10 սեպտեմբերի 2002 - 22:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Ժոել Բութրուն այսօր ստորագրել են փաստաթուղթ` երկրի տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի մշակման վերաբերյալ: Ինչպես ստորագրման արարողությանը հայտարարել է Կարեն Ճշմարիտյանը, 50 հազար դոլար արժողության ծրագիրը ենթադրում է փորձագիտական գնահատում, Հայաստանի ապագա տնտեսական զարգացման նախագծում եւ ամբողջովին միահունչ է աղքատության նվազեցմանը վերաբերող ռազմավարական ծրագրի հեռանկարներին: Նախարարի խոսքերով` ինտեգրացումը միջազգային շուկա բարենպաստ է անդրադառնում Հայաստանի տնտեսության զարգացման վրա, սակայն ունենում է նաեւ բացասական ազդեցություն, մասնավորապես, միջազգային շուկայում գների իջեցման արդյունքում: «Ծրագրի հիմնական խնդիրն է տնտեսության այնպիսի ուղղության մշակում, որն ուղղված կլինի միջազգային զարգացման բացասական հեռանկարների նվազմանը եւ դրանցից մաքսիմալ պաշտպանմանը»,-ասել է Ճշմարիտյանը: