31 օգոստոսի 2018 - 10:26 AMT
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղաքականություն վերադառնալով, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այդ մասին նա ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Քոչարյանն իր քաղաքական հենարանը համարում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիների հաջողությունները։ «Առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահի դիտարկմամբ` իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետևաբար ինքը քաղաքականություն վերադառնալով` հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի` ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել` ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, և մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Թե ինչ ձևաչափով ու քաղաքական ինչ թիմով կլինի մասնակցությունն ԱԺ ընտրություններին, Քոչարյանը վաղ է համարում խոսել` նշելով, որ դեռ երկար ժամանակ կա, և իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։

«Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսելը։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը, և այն ընտրողների զանգվածը, որի մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ համար և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը»,- ասել է նա։

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի բացառում, այլև ակնկալում է, որ կարող է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։ «Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»,- ասել է նա։

Իսկ ինչ վերաբերում է հնարավոր դաշինքի անդամ քաղաքական ուժերին, Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ անուններ հնչեցնել և այդ կուսակցությունների անունից որևէ բան ասել։

Ավելի վաղ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել ՆՏՎ հեռուստաալիքին, որում հերթական անգամ քննադատել է Փաշինյանի կառավարությանը, ինչպես նաև՝ Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու որոշումը, ապա նաև մի փոքր խոսել իր ապագա անելիքների մասին։Խոսելով իր կառավարման տարիների մասին՝ նա ասել էր. «Ես նախագահ եմ եղել 10 տարի։ ՀՆԱ-ն աճել է 5 անգամ՝ ռեկորդային թվեր, բյուջեն՝ 8 անգամ։ Ամեն ինչն, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր, վերակառուցված, այն տարիներին է ստեղծվել։ Մենք 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում տարեկան։ Փոքր ու միջին բիզնեսի աբաժինը 16%-ից 46% է աճել։ Մասնավոր հատվածի բաժինը 80%-ից ավելի էր հասել։ Հնարավոր է՝ հիշողությունները թարմ չեն, բայց մենք կհիշեցնենք»: ․