3 սեպտեմբերի 2018 - 12:50 AMT
Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար

Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար նախարար Տարո Կոնոն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին հավելել է, որ Հայաստանն ու Ճապոնիան ունեն բավականին լավ համագործակցություն ենթակառուցվածքների զարգացման, իրավական, բնական աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում, հայտնում է Aysor.am-ը:

Նա շեշտել է, որ Ճապոնիայի քաղաքացիները Հայաստանի հետ ունեն արտոնյալ վիզային ռեժիմ: «Հույս ունենք, որ մոտ ապագայում կունենանք Տոկիո-Երևան ուղիղ չվերթ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Արտգործնախարար Տարո Կոնոն նշել է. «Մենք քննարկեցինք՝ ինչպես Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելի սերտ համագործակցել։ Օրինակ՝ Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ դիվանագետների, փաստաբանների և այլ մասնագետների պատրաստման հարցում», - ասել է Տարո Կանոն։

Նրա խոսքով՝ Ճապոնիան այս ընթացքում առաջարկել է Կովկասյան նախաձեռնություն սկսել։ «Այն երկու հենասյուն ունի՝ օժանդակություն է տրամադրվելու մարդկային ռեսուրսների զարգացման համար, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացման ու բիզնես միջավայրի բարելավման համար», - ասել է Ճապոնիայի արտգործնախարարը։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: