4 սեպտեմբերի 2018 - 10:19 AMT
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հանդիպումը կանցկացվի Մոսկվայում, գրում է «Իզվեստիան»:

Սա կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի առաջիկա հանդիպմանը, ասել էր. «Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ՀՀ նոր առաջնորդն ինքն ինչպես է գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարներն իր երկրում: Անշուշտ, մեզ համար բոլորովին էլ միևնույն չէ, թե այդ իրավիճակում ինչպես են Հայաստանում դիտարկվում ՀԱՊԿ առջև պարտավորությունները: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է կատարվեն ամբողջապես, այդ թվում այն ուղղությամբ, որն առնչվում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանն ու վարկի ամրապնդմանը»: