4 սեպտեմբերի 2018 - 15:20 AMT
Samsung-ը մինչև 2018-ի ավարտը ծալովի սմարթֆոն կներկայացնի

Samsung ընկերությունը մինչև 2018-ի ավարտը ծալովի սմարթֆոն կներկայացնի: Այդ մասին ընկերության բջջային ուղղության նախագահ Դոնգ Ջին Կոն հայտարարել է CNBC հեռուստաալիքին:

Ըստ նրա, սարքը կարող է ներկայացվել նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Samsung-ի մասնագետների կոնֆերանսում: Թոփ մենեջերն ասել է, որ նոր սմարթֆոնի մշակման գործընթացը բավականին բարդ է եղել, սակայն, ընկերությունը գործնականում ավարտել է այն: Ընկերության ուսումնասիրությունները վկայում են, որ օգտատերերը հետաքրքրվում են նման տիպի սարքով, հավելել է մենեջերը, հայտնում է «Վեդոմոստին»:

Նա նշել է, որ նոր սարքի մշակման ժամանակ Samsung-ը կիրառել է այն փորձը, որը կուտակել էր պլանշետների մշակման ժամանակ:

«Հիմնականում օգտատերերը սարքն ավելի շատ օգտագործելու են ծալված վիճակում, միայն եթե ցանկանան ինչ-որ տեսանյութ դիտել, կկարողանան բացել այն»,-պարզաբանել է Կոն: Այլ մանրամասներ սարքի արտաքին տեսքի մասին նա չի հայտնել:

Նոր սմարթֆոնի մասին լուրերը հայտնվեցին, երբ օգոստոսին Samsung-ը հայտարարեց Galaxy Home խելացի սարքի թողարկման մասին, որը պատասխան պետք է լինի մրցակիցների նմանատիպ արտադրանքին: