4 սեպտեմբերի 2018 - 13:08 AMT
Նախարար. «Վրացական երկաթուղու» հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջնական է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ դեպի Հայաստան երկաթուղով փոխադրվող հացահատիկի համար հատուկ սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջնական է:

Նա նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որով դեպի Հայաստան ուղարկվող բեռների տեղափոխման արժեքը զեղչվում է 52 տոկոսով, անժամկետ է, հայտնում է Panorama.am-ը:

«Վրացական հատվածում 52 տոկոս զեղչվելու դեպքում հայկական բեռները Երևան կհասնեն 1 տոննան 24 դոլարից նվազ արժեքով»,-ասել է նա:

Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի գործընկերոջ հետ, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերելիս նշված է եղել, թե առանձին դեպքերում կարող են բեռնափոխադրումներ իրականացվել նաև մեքենաներով։ «Այդ «առանձին դեպքերը» բացված չեն և մենք հիմա խնդիր ունենք պարզելու, թե դրանք ինչին են վերաբերում՝ կուտակումներին, ծովի ալեկոծությանը, թե այլ դեպքերին», - հավելել է նախարարը։

Անդրադառնոլով Լարսի անցակետի ընդլայնման հարցին՝ նախարարը հայտարարել է , որ Լարսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել։ «Համոզվել ենք, որ այդ ժամանակ որևէ քաղաքական նկատառում չկար», - ասել է նա:

«Լարսի ճանապարհը կառուցելիս ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, և որևէ մեկը չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն»,-նշել է նախարարը։

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցին՝ Աշոտ Հակոբյանն ասել է, որ այն վերաբերում է միայն բեռափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է. «Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի և շվեցարական SGS ընկերության միջև, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադումները»։

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:Հայաստանը միջինը 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում տարեկան: 2017-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա:Վրաստանի արգելքը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ2018-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ -Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով: Այդ մասին ասվում էր «Հարավկովկասյան երկաթուղու» հայտարարության մեջ: