5 սեպտեմբերի 2018 - 12:33 AMT
Ամերիկյան Papa John’s-ը, Domino’s-ը, Baskin Robbins-ը մտադիր են հայկական շուկա մտնել

Երեք ամերիկյան կորպորացիա՝ Papa John’s Pizza-ն, Baskin Robbins-ը և Domino’s Pizza-ն, մտադիր են հայաստանյան շուկա մտնել: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 5-ին դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ ID-ի բանկի հետ համատեղ, կազմակերպել են մեկօրյա համաժողով՝ նվիրված ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին, որին ներկա են եղել նշված ընկերությունների ներկայացուցիչները, ավելի քան 50 հայ գործարար և պետական պաշտոնյա: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրել են ֆրենչայզինգի իրենց կոնցեպտը և ծանոթացել հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին:

Համաժողովը մեկ հարկի տակ հավաքելով հայ և ամերիկացի գործարարներին՝ միտված էր օգնելու ձևավորել նոր գործընկերություն հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում:

Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ եղել են նաև ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից՝ բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին: