5 սեպտեմբերի 2018 - 14:51 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպան կարող է նշանակվել ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը

Սեպտեմբերի 4-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել է դիվանագետ Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունը:

Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2018-ի մարտից թափուր է:

Լիտցենբերգերը մինչև 2017թ. եղել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, գրում է Contact.az-ը՝ Վաշինգտոնում Turan-ի թղթակցի վրա հղումով:

Լիտցենբերգերն այժմ զբաղեցնում է ավագ խորհրդականի պաշտոնն ԱՄՆ Պետքարտուղարության Ռազմաքաղաքական բյուրոյում: Դիվանագետը տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին, սերբերենին և բուլղարերենին:

Իր կարիերայի ընթացքում Լիտցենբերգերը որպես ավագ գիտաշխատող է աշխատել Գերմանիայի Մարշալի հիմնադրամում, եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի տեղակալը, Բելգրադում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալը, Բիշքեկում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը: