5 սեպտեմբերի 2018 - 17:37 AMT
Հետազոտություն. Մարտերի մասնակցած զինվորներն ավելի հավատացյալ են՝ «խրամատներում աթեիստներ չկան»

ԱՄՆ գիտնականների հետազոտությունները զինծառայողների շրջանում հաստատել են՝ իրական մարտերի մասնակիցները, հատկապես վիրավորում ստացածները, առավել հավատցյալ են դառնում, նրանք ավելի հաճախ են մասնակցում ժամերգություններին ու աղոթում: Տարբերությունը կազմում է 7 տոկոսային կետ:

Հետազոտությունն անցկացրել են Ռեսուլ Սեսուրը, Թրևիս Ֆրեյդմանն ու Ջոզեֆ Սաբիան: Նրանց աշխատության արդյունքները հրապարակել է 2018-ի օգոստոսին ԱՄՆ տնտեսական հետազոտությունների Ազգային բյուրոն, գրում է republic.ru-ն The Economist-ի վրա հղումով:

Մարդու վերաբերմունքն իր ապագա մահվանը ցանկացած կրոնի հիմնական հարցերից մեկն է: Համարվում է, որ կյանքի ու մահվան սահմանին հայտնվածներն ու ցնցում վերապրածներն անխուսափելիորեն դիմում են Աստծուն:

Հետազոտության մասնակիցների երեք քառորդը հայտնել է, որ աղոթում է եկեղեցիներից դուրս, իսկ ավելի քան 15 տոկոսն ամեն օր եկեղեցի է գնում:

Ըստ գիտնականների, հավատացյալների թիվն առավել մեծ է երիտասարդ զինվորների՝ 18-24 տարեկանների, կին զինծառայողների և կրտսեր զինվորական անձնակազմի շրջանում:

Գիտնականները հիմնվել են ԱՄՆ զինվորականների շրջանում 2000-ականների վերջում անցկացված երկու հետազոտության վրա, որից առաջինին մասնակցել է 482 զինվոր, երկրորդին՝ գրեթե 11,6 հազար: