6 սեպտեմբերի 2018 - 15:46 AMT
Փաշինյան. Եկամտահարկի փոփոխման 2 տարբերակ կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է եկամտային հարկի առաջարկվող փոփոխություններին՝ գործողհարկային համակարգըորակելով որպես վատ, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը:

Նա նշել է, որ եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը: Խոսելով հարկային համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ կա մի քանի առաջարկ.

1․ Հարկման 3 սանդղակի փոխարեն ձևավորել 2 սանդղակ՝ սահմանելով, որ մինչև 250 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20% եկամտահարկ, իսկ ավելի բարձր աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտահարկի 25% դրույքաչափով։

2․ Կամ` սահմանել 23% համահարթ եկամտահարկ՝ համահարթ եկամտահարկ, շահութահարկ և դիվիդենտային հարկ. Այսինքն՝ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար այս դեպքում կլինի 23 տոկոս:

Այնուհետև վարչապետ անդրադարձել է երկու տարբերակի առավելություններին և թերություններին:

Ըստ նրա, 1-ին տարբերակը կիռաելու դեպքում որոշ չափով կավելանան մինչև 250 000 դրամ ստացողների եկամուտները։ Սակայն, ըստ նրա, երկաստիճան համակարգը կշարունակի խրախուսել ստվերային աշխատավարձը, քանի որ եթե կա 2 սանդղակ, որից մեկը ցածր է շահութահարկ + դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարել, որ քիչ հարկ մուծեն

Խոսելով 2-րդ տարբերակի մասին՝ Փաշինյանն ասել է, որ եկամտահարկի և շահութահարկի հարթ տարբերակի առկայությունը կարևորում են պոտենցիալ ներդրողները: Նա հավելել է նաև, որ այս հարկային համակարգը պարզ է, և խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից։

«Կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5%-ով համահարթ եկամտային հարկը իջեցնելու է, այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20%-ի»,-ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի, այս տարբերակի ամենակարևոր թերությունն, այն է, որ համահարթ համակարագից ամենաշատն օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները։