17 մայիսի 2008 - 15:09 AMT
Թուրքիան մտադիր է ետ կանչել Բուենոս Այրեսից իր դեսպանին` Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով
Անկարան պատրաստվում է ետ կանչել Արգենտինայում Թուրքիայի դեսպան Հաիրի Հայրեթ Յալավին «քաղաքական խորհրդակցությունների համար»: Այս որոշումը Թուրքիայի արձագանքն է Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman-ը, դեսպանին Անկարա են կանչել «երկու երկրների միջեւ հարաբերությունները վերանայելու նպատակով»: Ներկայումս Թուրքիայում Արգենտինայի դեսպան Բուրգո Մարկոն գտնվում է Բուենոս Այրեսում:

2007թ. Արգենտինայի Սենատը միաձայն օրենք ընդունեց, ըստ որի ապրիլի 24-ը նշվելու է որպես «Հաշտեցման եւ հարգանքի օր», ինչը հարուցեց Անկարայի խիստ քննադատությունը: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարեց, որ «Թուրքիան արդեն անհրաժշետ միջոցներ է ձեռնարկում» այդ հայտարարության կապակցությամբ: «Արգենտինայի Սենատի որոշումները հակասում են պատմական փաստերին եւ խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Այդ առնչությամբ, Թուրքիայի պետնախարար Մեհմետ Այդընը չեղյալ հայտարարեց ապրիլի 28-29-ին Բուենոս Այրես կատարելիք իր այցը: Այդընը պետք է մասնակցեր «քաղաքակրթությունների դաշինք» կազմակերպության նախաձեռնությանն, ուղղված երկխոսության խթանմանը իսլամական եւ արեւմտյան հասարակությունների միջեւ: