7 սեպտեմբերի 2018 - 11:40 AMT
Պուտինը սեպտեմբերին Ադրբեջան կայցելի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին սեպտեմբերին և հոկտեմբերին մտադիր է այցելել Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը:

Այցերն աշխատանքային են լինելու, հայտնում է «Իզվեստիան»:

Սեպտեմբերի վերջում Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Բացի այդ, սեպտեմբերի 27-28-ին ՌԴ նախագահը կմասնակցի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Հոկտեմբերին նախատեսված է նրա այցն Ուզբեկստան:

Բացի այդ, մինչև տարեվերջ Ռուսաստանը կմասնակցի ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին:

Ուշակովը հավելել է, որ եռակողմ հանդիպումն անցկացնելու հերթը Ռուսաստանինն է:

ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016-ին ՌԴ-ում: Ավելի ուշ նման հանդիպումներ են եղել Բաքվում և Թեհրանում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018-ին 2 անգամ հանդիպել է Պուտինի հետ՝ Մոսկվայում ֆուտբոլի ԱԱ բացման արարողության ժամանակ և սեպտեմբերի 1-ին Սոչիում: Առաջիկա միջազգային միջոցառումները հաշվի առնելով 2018-ին Պուտին-Ալիև հանդիպումները 5 կլինեն: