7 սեպտեմբերի 2018 - 13:07 AMT
Վարչապետ. ՌԴ հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն ՀՀ համար

Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում:

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում կարճ հատված է հրապարակել տեսագրությունից։

Փաշինյանն ասել է նաև, որ ՌԴ հետ հարաբերությունները պետք է շատ ավելի ռազմավարական ու շատ ավելի գործընկերային լինեն, ինչպես նաև՝ «շատ ավելի եղբայրական»:

Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական համագործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը:

Հաղորդումը հեռարձակվելու է սեպտեմբերի 8-ի երեկոյան:

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը՝ երկու կողմից շատ հարցեր են կուտակվել: «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, ուստի ակնկալում ենք անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ԵՏՄ և ՀԱՊԿ գծով »,-ասել է Յուրի Ուշակովը:

Սեպտեմբերի 8-ի հանդիպումը կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը: