ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանըՀայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել PicsArt ընկերություն ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը:
PicsArt այցի շրջանակում նախագահը ծանոթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը:
Շրջայցի ընթացքում PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև PicsArt հավելվածի հնարավորությունները: Նշվել է, որ ներկայումս հավելվածը 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android և Windows հարթակներում: Հավելվածն ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր է ունենում, ովքեր ստեղծում և վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր և տեսանույթ։
Նախագահը ծանոթացել է ընկերության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքով:
Նախագահին են ներկայացվել ընկերության հետագա գործունեության ուղղությունները, միջազգային համագործակցության ներկա իրավիճակն ու ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերն ու կրթական հաստատություների հետ համագործակցության խնդիրները: