7 սեպտեմբերի 2018 - 17:23 AMT
Տաքսու վարորդներից գումար շորթելու հանցավոր սխեմա է բացահայտվել

Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից գումար են շորթել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց հետ, ձևավորել են հանցավոր սխեմա։ Մասնավորապես, ավտոկայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարող տաքսու վարորդներից պահանջել ու ստացել են օրական 700-ից 1000 դրամ՝ սպառնալով, որ չտալու դեպքում կարգելեն նրանց աշխատանքը։

Գլխավոր վարչություն են հրավիրվել մի խումբ տաքսու վարորդներ, որոնք տվել են նույնաբովանդակ բացատրություններ՝ հաստատելով իրավապահների տեղեկությունները։ Տաքսու վարորդներից օրական 700-ից 1000 դրամ վերցնելը իր բացատրությամբ հաստատել է նաև ավտոկայանի տնօրենի հորեղբայրը։

Կատարվածի բոլոր հանգամանքները ոստիկանությունում ընթացող հետաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: