8 սեպտեմբերի 2018 - 11:39 AMT
«Կոմերսանտ». Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը բարձրացնելու է ՀՀ նախկին ղեկավարների հետապնդման հարցը

Սեպտեմբերի 8-ին Կրեմլում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կրեմլում «լուրջ խոսակցություն» են ակնկալում: Մոսկվան բազում հարցեր ունի ուղղելու 2018-ի մայիսին ՀՀ կառավարությունը գլխավորած քաղաքական գործչին, գրում է «Կոմերսանտը»:

Ըստ պարբերականի զրուցակցի (ՌԴ պետկառույցներից), Պուտինը մտադիր է բարձրացնել ՀՀ նախկին ղեկավարների հետապնդման թեման:

Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նույն գործով է անցնում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Երկուսին էլ մեղադրում են իշխանությունը յուրացնելու մեջ:

Ըստ պարբերականի, Կրեմլին դա դուր չի գալիս մի քանի պատճառով: «Ռոբերտ Քոչարյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում: Նրանց թվում են նաև Սիլվիո Բեռլուսկոնին և Գերհարդ Շրյոդերը (Իտալիայի նախկին վարչապետն ու Գերմանիայի նախկին կանցլերը) »,-պարզաբանել է իրազեկ աղբյուրը:

Պուտինի հատուկ վերաբերմունքը պարոն Քոչարյանի հանդեպ աներկբա դրսևորվեց օրերս, երբ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը զանգահարել էր Ռոբերտ Քոչարյանին անձամբ նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու, որը նշվում էր օգոստոսի 31-ին:

Նշվում է, որ Մոսկվայում կարծում են, որ Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ իմիջային վնաս է հասցրել ՀԱՊԿ-ին և անդրադարձել կազմակերպության աշխատանքի վրա: Առանձնակի դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները գործընկերներից ոչ մեկին չեն զգուշացրել Խաչատուրովի հանդեպ մտադրությունների մասին:

«Դա շատ հանգիստ կարելի էր անել Հավաքական անվտանգության Խորհրդի նիստում, որի կազմում են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը, և պարզաբանել իրավիճակը»,-ասել է դիվանագիտական աղբյուրը:

Եվս մեկ խնդիր, որի մասին խոսել են «Կոմերսանտի» զրուցակիցները և որն արծարծվելու է բանակցություններում, ի հայտ է եկել օգոստոսի կեսին: Օգոստոսի լույս 15-ի գիշերը ՀՀ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Հարավկովկասյան երկաթուղու գրասենյակում: ՀԿԵ մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը ՏԱՍՍ-ին ասել էր, որ կասկածներ կան 9,7 մլն դրամի ($19 հազար.) հարկեր չմուծելու մասով: Հարկային հարցերի լուծման նման եղանակը Մոսկվայում ընդունելի չեն համարում:

Նշվում է, որ Պուտինն ու Փաշինյանը նաև մանրամասն քննարկելու են զենքի մատակարարումները Հայաստանին:

Թեև ՀՀ ղեկավարության քայլերը միշտ չէ, որ ընկալվում են ռուսական կողմում, սակայն, ոչ ոք չի պատրաստվում խզել ռազմական գործակցությունը, պնդում է թերթի աղբյուրը: «Հենց որ մենք հեռանանք, մեր տեղը կզբաղեցնեն ուրիշները: Եվ նման քայլի հետևանքները կզգանք մենք բոլորս»,-ասել է պարբերականի ռազմական ոլորտի աղբյուրը: