10 սեպտեմբերի 2018 - 17:40 AMT
Զոհրաբյանը «սյուրռեալիստական անհեթեթություն» է որակել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու լուրը

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net -ին ասաց, որ կուսակցության կողմից փոստատարների միջոցով ընտրակաշառք բաժանելու տեղեկությունը «սյուրռեալիստական անհեթեթություն է», որն ինքը չի մեկնաբանելու:

Նա հորդորեց քաղաքական «սև» PR-ով զբաղվողներին փոքր-ինչ կրեատիվ լինել և նոր հնարքներ մտածել:

Զոհրաբյանը հայտնեց նաև, որ կուսակցությունն անգամ չի պատրաստվում քարոզարշավի ընթացքում վճարել ընտրական շտաբի աշխատակիցների օրինական աշխատավարձը՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով:

«Մենք անգամ մեր աշխատակիցների օրինական աշխատավարձն ենք վճարելու ընտրություններից հետո, որ դա շահարկումների առիթ չդառնա», - ասել է Զոհրաբյանը:

Ավելի վաղ, Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի փողոցի 10բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոստատարների միջոցով ընտրակաշառք է բաժանել վարչական շրջանում: