10 սեպտեմբերի 2018 - 18:52 AMT
Պետպատվերով սպասարկող բժիշկն ամեն բուժված հիվանդի համար տոկոս կստանա

Պետական պատվերով սպասարկող բժշկի աշխատավարձը կհաշվարկվի յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափով, այսինքն` բժիշկը աշխատավարձ կստանա ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այդ տոկոսը մարզային բժիշկների համար կբարձրացվի միջինում 5%-ով` խթանելու մարզերում աշխատելը: Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը:

Նշվում է, որ նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները:

Հայաստանում օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մոտ 10.000 բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը բարձրացել է 15%-ով: