11 սեպտեմբերի 2018 - 10:33 AMT
Սմարթ զարգացումն ու թվային օրակարգը՝ ՖՄԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններ

Հայաստանի իշխանությունները հանձնառու են բարձր մակարդակով անցկացնելու Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ հեռախոսազրույցում:

Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ ԱԳ նախարար Մնացականյանը որպես գերակա ուղղություն առանձնացրել է սմարթ զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին, հայտնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: