11 սեպտեմբերի 2018 - 17:30 AMT
Խաչատրյան. Մարտի 1-ի զոհ ոստիկանության զորքերի ծառայողը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի զոհերից՝ ՀՀ Ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից:

«Տիգրան Աբգարյանը սպանվել է, այն ժամանակ, երբ Քոչարյանը (Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,-խմբ.) մտցրել էր արտակարգ դրությունը, սակայն այդ պահին որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար», - ասել է Խաչատրյանը՝ նշելով, որ ՀՔԾ վարկածով, Աբգարյանին սպանել են՝ հիմնավորելու Քոչարյանի այն խոսքերը, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն էր:

Ըստ նախորդ իշխանությունների պաշտոնական վարկածի, ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումից 10 րոպե առաջ արդեն իսկ եղել է հիվանդանոցում։